Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հետևողական պայքարի արդյունքում թմրամիջոցներ իրացնողի են հայտնաբերել:
Համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տարել Էջմիածին քաղաքի բնակիչ, 46-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է անգույն հեղուկով պլաստմասսե տարա՝ «Մեթադոնային լուծույթ» և «Դեղաչափ 70 մգ» գրառմամբ:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 46-ամյա էջմիածինցուն թմրամիջոցն իրացրել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակիչը:
Մինչ միջոցառումներ էին իրականացվում նրան հայտնաբերելու ուղղությամբ, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով հերթական կասկածվողները ձերբակալվեցին և, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին Վաղարշապատի բաժին: Երևանցի 40-ամյա տղամարդու խուզարկությամբ նույնպես մեթադոնային լուծույթ հայտնաբերվեց: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նրան ևս թմրամիջոցն իրացրել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակիչը:
Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ձերբակալեցին և, «Օպել» մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 60-ամյա վարորդին և 55-ամյա ու 47-ամյա ուղևորներին: Խուզարկությամբ 55-ամյա ուղևորի մոտ մեթադոնային լուծույթ հայտնաբերվեց: Նրա հայտնածով՝ թմրամիջոցը գնել էր Աղավնատուն գյուղի 39-ամյա բնակչից: Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են փորձաքննություններ:
Թմրամիջոցներ իրացրած 39-ամյա տղամարդը կալանավորվել է: