Երկար մտորումների արդյունքում, որոշեցի իմ էջում անդրադառնալ Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս 2021 թվականին ձեռք բերված չինական ավտոբուսների շուրջ ծավալված դիլետանտ մարդկանց, ոչ պրոֆեսիոնալ, օրենքը և իրավունքը խախտելու գնով որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող կեղծ, չհիմնավորված և իրականության հետ ընդհանրապես կապ չունեցող տեղեկատվությանը: մԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ նշելով, որ վերը նշվածին ի պատասխան ձեռնարկվել են միջոցներ իրավական ճանապարհով:
«Այնուամենայնիվ, որոշեցի իմ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ, այդ թվում նաև իմ ՀԵՏԵՎՈՐԴՆԵՐԻՆ ներկայացնել այն աշխատանքը, որը իրականացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչը տեսանելի չէ շատերին:
Իհարկե հասկանալի է, որ ավագանու ընտրություններին ընդառաջ որոշ դիլետանտներ իրենց «փիառ»-ն իրականացնում են Երևանի քաղաքապետարանի ձեռքբերումները նսեմացնելու ճանապարհով, բայց ես վստահ եմ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆ իրավունք ունի գնահատել արված աշխատանքը և ոչ միայն տրանսպորտի ոլորտում
Վերադառնալով բուն թեմային, փորձեմ նշել՝ ինչում են ինձ մեղադրում անձիք, ովքեր գեթ մեկ լումա ներդրում չունեն որևէ ոլորտում՝ կառուցողական և արդյունավետ միջավայր ստեղծելու կամ զարգացնելու գործում: Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում:
Իմ սիրելի ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ, իրականում որևէ կայացած մրցույթ՝ կապված ավտոբուսների ձեռքբերման հետ, իմ կողմից չի չեղարկվել: Նման գործընթաց չի եղել, ավտոբուսների վերաբերյալ գործարքները ոչ միայն օրինաչափ, այլ նաև աննախադեպ արդյունավետ են, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ բոլոր կազմակերպված մրցույթներին մասնակցել են ոչ միայն վերավաճառող, այլև հենց արտադրող ընկերություններ, որոնցից մեկը նվազագույն գին առաջարկելու հիմքով, ճանաչվել է հաղթող (կից տեղեկանքում կարող եք ծանոթանալ մանրամասներին. http://surl.li/gamaj ) և ամենակարևորը, գործարքը եղել է ՀՀ դրամով. ապրանքի գնի փոխանցման օրվա դրությամբ իրականացվել է դրամի փոխարկերպում ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած կուրսով:Արդյունքում, նվազագույն գնով ձեռք բերված թվով 150 ավտոբուս գտնվում է Երևանում, իսկ երկկողմ հանձնման-ընդունման արձանագրությունը ստորագրվել է դեռևս 13.03.23-ին:
Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները»,- գրել է Սարգսյանը: