Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ստանձնել է ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այդ մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը։ Այս պահին նա գտնվում է ոստիկանության Արաբկիրի բաժնում, շուտով հավանաբար կտեղափոխվի Երևանի քննչական (Պարույր Սևակի փողոց):

Լիազորված եմ հանրությանը ներկայացնել Մհեր Սահակյանի պարզաբանումը միջադեպի կապակցությամբ. Պետաիրավական հանձնաժողովի փակ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Վ. Վարդանյանը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ Մհեր Սահակյանը խոսքով արձագանքել է այդ վարքագծին։ Այնուհետև ՔՊ-ական նույն պատգամավորը նստած տեղից կանգնել է ու քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ։ Հաշվի առնելով ԱԺ ՔՊ-ական մի շարք պատգամավորների կողմից ընդդիմադիրների նկատմամբ անպատիժ ձևով ֆիզիկական ուժ կիրառելու, նրանց վրա անպատիժ ձևով հարձակվելու հարուստ փորձը՝ Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ, և ինքնապաշտպանության նկատառումով նրան հասցրել է մեկ հարված։ Հարվածի արդյունքում վտանգը չեզոքացվել է։

Հայհոյանքներ չեն հնչել, այլ հարվածներ չեն եղել»,- նշել է փաստաբանը։