Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ  կասկածի տեղիք է տվել: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել  է, որ հիշյալ սրբիչները ներծծված են մեթադոն տեսակի թմրանյութով։  

 

Հարկ է նշել, որ այս եղանակով թմրամիջոցների տեղափոխումը զգալիորեն  բարդացնում է մաքսային մարմինների կողմից դրանց հայտնաբերումը:  Տեքստիլ արտադրանքի մեջ ներծծված թմրամիջոցները մաքսանենգների կողմից հիմնականում փոխադրվում են  ճամպրուկներով, ուր  առկա են լինում նաև  բազմաթիվ անձնական օգտագործման իրեր և հագուստ։

Հայտնաբերված դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են  Քննչական կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Մաքսային հսկողությունից թաքցման եղանակով ՀՀ պետական սահմանով ապօրինի եղանակով թմրանյութ տեղափոխած ԻԻՀ քաղաքացի Մ․Զ․-ն ձերբակալվել է։