Մարտի 30-ին 70 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի ուռուցքաբան, ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը, հայտնում է ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։
Ռաֆայել Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1977 թվականից Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական կենտրոնում։
1999-2006 թթ․ ղեկավարել է Գլուխ-պարանոցի բաժանմունքը, 2006-2019 թթ․՝ Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքը, որտեղ զբաղվել է էնդոկրին համակարգի, փափուկ հյուսվածքների, աղեստամոքսային համակարգի, կրծքագեղձի, մաշկի ուռուցքների բոլոր ծավալների վիրահատական բուժմամբ։
Նա մեծ ավանդ ունի հայկական ուռուցքաբանության զարգացման գործում, կրթել է ուռուցքաբանների մի քանի սերունդ։
Պրոֆեսորը 88 գիտական աշխատանքի հեղինակ է։
Բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 31-ին՝ 17:00-20:00, «Rotonda» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 83), հուղարկավորությունը՝ ապրիլի 1-ին՝ 13:00-ին, Հացավան գյուղում ՝ Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը։