Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջների պահպանությունը ոչ միայն բարձրացված դրոշների, այլև տեղադրված և ամրացված դրոշների համար, ինչպես նաև ապահովել օրենքով սահմանված դրոշին ներկայացվող պահանջների հստակությունը և որոշակիությունը, որը կնպաստի հանրության կողմից պետական խորհրդանիշերից՝ ՀՀ դրոշի արժևորմանը և ՀՀ դրոշի նկատմամբ հարգանքի ձևավորմանը: Օրինագծերով առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ, օրենսգրքով սահմանված ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև առանձնացնել ֆիզիկական, իրավաբանական և պաշտոնատար անձանց կողմից կատարված վարչական իրավախախտումների համար սահմանված պատասխանատվության չափը: Նախագծով վերանայվել են նշված իրավախախտման համար վարչական պատասխանատվություն կիրառող սուբյեկտների վերաբերյալ կարգավորումները. հաշվի առնելով վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը և նպատակ ունենալով ապահովել ողջամիտ ժամկետներում վարչական վարույթի իրականացումը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված վարչական իրավախախտման համար պատասխանատվություն կիրառելու լիազորությունը վերապահել ՀՀ ոստիկանությանը:
Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախագծերի հիմնական նպատակն է խստացնել ՀՀ խորհրդանիշներից մեկի՝ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պատժելի լինեն բոլոր դեպքերում: «Այսօրվա գործող կարգավորումների համաձայն՝ բարձրացված ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Միևնույն ժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում անցած տարի կատարվել են լրացումներ, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել դրոշին ներկայացվող պահանջները խախտելու համար. տուգանքի նշանակում՝ 30-ից 50 հազար դրամի չափով: Նշված կարգավորումները ներկայումս տարածվում են միայն շենքերի վրա բարձրացված դրոշներին, օրինակ՝ Հանրապետության նախագահի նստավայրի, կառավարության, դատարանների, մարզական, մշակութային կազմակերպությունների և այլ օրենքով սահմանված շենքերի վրա»,- ասել է նախարարը: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց աշխատասենյակներում կամ այլ վայրերում տեղադրված դրոշներին, կամ օրենքով նախատեսված փոխադրամիջոցների վրա ամրացված դրոշներին, ապա ստացվում է, որ այդ դեպքում դրոշին ներկայացվող պահանջները որպես պարտադիր պահանջներ նախատեսված չեն և վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ չեն կարող:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնությանը, նշել է, որ պետական խորհրդանիշը, անկախ նրանից որտեղ և ում կողմից է գործածվում, պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի, և դա պետք է լինի մեր պետական մտածողության կարևոր մի մաս: Խոսելով պետական դրոշի համար սահմանված պահանջները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին՝ վարչապետը նշել է, որ պաշտոնատար անձանց դեպքում միայն դա բավարար չէ. «Կարծում եմ՝ Աշխատանքային օրենսգրքում պետք է փոփոխություններ անենք, որ, օրինակ, եթե պետական պաշտոնյան երկու անգամ նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկվել, պետք է դա հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար։ Եթե մարդն աշխատում է պետության հետ և պետության խորհրդանիշերի նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չէ»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պետությունը չի պարտադրում որևէ մեկին դրոշ տեղադրել. «Դա ցանկացած քաղաքացու իրավունքն է։ Բայց եթե քաղաքացին կայացրել է այդ որոշումը, պետք է բարի լինի հետագա խնամքի մասին մտածել։ Չի կարելի որևէ տեղ դրոշ տեղադրել և հետո 10 տարով մոռանալ նրա գոյության ու խնամքի մասին»:
Վարչապետը կարևորել է նաև գործող օրենքի 3-րդ հոդվածի պահանջի ապահովումը, որի համաձայն՝ ՀՀ դրոշը պետք է տեղադրված լինի նաև հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց շենքերի վրա: