Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել միջին տարիքի տղամարդ՝ դեմքի փափուկ հյուսվածքների շրջանում ջնջխված վերքերով, վերին ծնոտի մասնակի կոտրվածքով:
Ըստ հարազատների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր աշխատանքի ժամանակ՝ անկյունային հղկող մեքենայի (болгарка) հետ անզգույշ վարվելու հետեւանքով, ինչն էլ դարձել էր խորը եւ լուրջ վնասվածքների պատճառ:
Ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվել էր ծանր:
Համապատասխան հետազոտություններից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Վանաձորի բժշկական կենտրոնում՝ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից (անեսթեզիոլոգ՝ Հովսեփ Հովհաննիսյան) ավելի քան 3 ժամ տեւած վիրահատության ընթացքում կատարվել է ծնոտի օստեոսինթեզ, սեկվեստորների հեռացում, տեղային հյուսվածքների պլաստիկա:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, տղամարդը գտնվում է հետվիրահատական փուլում:
Վիճակը գնահատվում է կայուն, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: