Մարտի 23-ին՝ ժամը 17:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mitsubishi Pajero iO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կ. Մ., ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 5 մ)՝ հայտնվելով ծառի և պատի արանքում. վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռ․ Պ․-ն (ծնված 1987 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2017 թ․) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել Ռ․ Պ․-ին․ վերջինս հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: