«Ես չէի կարող չօգտվել հնարավորությունից և չխաղալ միջազգային մակարդակի բարձրակարգ թիմերի դեմ: Ես ունեմ այդ հնարավորությունը, փառք Աստծո, դա կա։ Հայաստանն ինձ տվել է այդ հնարավորությունը, ես շնորհակալ եմ դրա համար։ Ես իսկապես հույս ունեմ, որ միասին մենք կարող ենք հասնել մեծ արդյունքների։ Ամեն ինչ անելու եմ, որ հայ ժողովուրդը մի օր տոնի ազգային հավաքականի մասնակցությունը Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունում»,- այս մասին Metaratings-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի հավաքականի նորեկ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Նշենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Տիկնիզյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական․ նա կմասնակցի Թուրքիայի դեմ կայանալիք խաղին, որը տեղի կունենա շաբաթ՝ մարտի 25-ին: