2023թ․մարտի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել և Ոստիկանություն է տեղափոխվել Երևան քաղաքի 24-ամյա բնակիչ։ Այս մասին հայտնում ենՀՀ քննչական կոմիտեից։
Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 4 կպչուն ժապավեններով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված՝ ընդհանուրը 4 գրամ քաշով, ինչպես նաև սպիտակ գույնի բյուրեղանման զանգված՝ ընդհանուր 0.17 գրամ քաշով։
Վերոգրյալի հիման վրա մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը ձերբակալվել է։
Անձնական խւոզարկությամբ հայտնաբերված զանգավծների վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որով պարզվել է, որ փաթեթներից մեկում առկա սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը, չունենալով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, առաքելու կամ դրանք իրացնելու թույլտվություն, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել վերոնշյալ թմրամիջոցը։
Առկա են նախնական տվյալներ այն մասին, որ վերջինս օգտվել է «Տելեգրամ» հավելվածի՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի առցանց վաճառքի հայտնի հարթակներից՝ օգտագործելով կրիպտոարժույթ, ինչպես նաև առերևույթ մասնակցություն է ունեցել Երևան քաղաքի համապատասխան վայրերում փաթեթավորված թմրանյութեր տեղադրելու գործընթացում։
Դեպքի վայրի զննությամբ երտասարդի կողմից մատնանշած հասցեի մոտ հայտնաբերվել է 1 ստվարաթղթե փաթեթ՝ լցոնված դեղնականաչավուն զանգվածով, իսկ BMW մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ ավտոմեքենայի սրահում թղթե փոքր արկղի միջից հայտնաբերվել է թվով 20 հատ՝ ընդհանուր մուտ 17,09 գրամ քաշով փայլաթիթեղով և գունավոր լենտերով փաթեթավորված փաթեթներ, իսկ բեռնախցիկից հայտնաբերվել է մեկ հատ փայտից պատրաստված գլանակ, որի մի ծայրին առկա է ապակյա խողովակ:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա միջնորդություն է ներկայացվել վարույթով հսկող դատախազին 24-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և վերջինիս ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց՝ 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է և անձը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։ Հայտնաբերված փաթեթներում առկա՝ «Մարիխուանա» և «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութերի նմանվող պարունակության առնչությամբ նշանակվել են փորձաքննություններ։ Ձեռնարկվում են ծավալուն քննչական և վարութային գործողություններ, ինչպես նաև ոստիկանության կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման աղբյուրը, շրջանառության ամբողջական շղթան, դրանում ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ։