Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց գտնվող առանձնատանն առնչվող գործարքները չեն դադարում՝ չնայած տունն անցնում է 2 քրեական գործով։ «Հետք»-ը պարզել է, որ առանձնատան վաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ գնորդը գույքի արժեքի մեծ մասը պետք է վճարի մինչև 2024 թ․-ի ավարտը՝ նախկին 2022 թ․-ի օգոստոսի 1-ի փոխարեն։ Բացի այդ, «Հետքի» տրամադրության տակ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի ընտանիքի՝ մի քանի տարի կառուցած առանձնատան ներսը պատկերող լուսանկարները։

Երևանի Ազատության պողոտա 1/6 հասցեի տունը կառուցել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Առանձնատան սեփականատերը նախկին պաշտոնյայի որդին էր՝ Արգամ Աբրահամյանը։ Վերջինս նախորդ տարի` 2022 թ․-ին, տունը վաճառել էր նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։

Ըստ civilnet.am-ի՝ գործարքի գինը 2.5 միլիարդ դրամ էր, որից 48 միլիոն դրամը կանխավճար է եղել, իսկ հիմնական մասը Նարեկ Նալբանդյանի կինը Արգամ Աբրահամյանին պետք է վճարեր մինչև 2022 թ․-ի օգոստոսի 1-ը։ Գործարարի կինը սահմանված ժամկետում չի վճարել 2 միլիարդ 452 միլիոն դրամը։ Այդ իսկ պատճառով 2023 թ․-ի փետրվարի 8-ին փոփոխություն է կատարվել առուվաճառքի պայմանագրում։

Նոր պայմանավորվածության համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի կինը Հովիկ Աբրահամյանի որդուն մինչև 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ը կվճարի 2 միլիարդ 452 միլիոն դրամ։ Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության լուռ համաձայնությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։