Պարզվել են օրեր առաջ Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի դիմաց տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք էական հանգամանքեր, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը։ Վերջինս Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է:

Քննչական կամիտեից հայտնում են, որ 2023թ․ մարտի 2-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 1-ին` ժամը 23:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Ջրվեժ համայնքի 49-ամյա մի բնակիչ: Վերջինս գիտակցության չգալով, ավելի ուշ մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության են ենթարկվել Ջրվեժ համայնքում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, խանութի դիմաց կայանված «GAZ» մակնիշի ավտոմեքենայի աջ և ձախ կողային հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հարցաքննվել են դեպքին ականատես մի շարք անձինք:

 

 

Քրեական վարույթի շրջանակներում կատարված քննությամբ պարզվել է, որ մարտի 1-ին, ժամը 21:20-ի սահմաններում 34-ամյա տղամարդը ինքնությունները չպարզված անձանց հետ միասին հիշյալ խանութ սրահի դիմաց վիճաբանության մեջ է մտել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի, վերջինիս որդու և մի քանի այլ անձանց հետ տաղավարի հողատարածքի ձևափոխման հարցի շուրջ։ Այդ ընթացքում վերոնշյալ անձինք սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ժամանակ Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակիչը վայր է ընկել, իսկ 34-ամյա տղամարդը քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք բերած և իր մոտ պահվող հրազենից, կյանքից զրկելու դիտավորությամբ կրակոց է արձակել Ջրվեժ համայնքի 49-ամյա բնակչի գլխի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ապա իր հետ դեպքի վայր եկած անձանց հետ նա դիմել է փախուստի:Հսկող դատախազի կողմից Երևան քաղաքի 34-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հանձնարարություն է տրվել ոստիկանությանը նշված անձին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ քրեական հետապնդման ենթարկվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և ապացուցողական միջոցները դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:

Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։