Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը ու սպառնում է, ցած նետվելով, ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները։ 

 

Պարեկները նախ կարողացել են այդ քաղաքացու հետ բանակցություններ վարել, ապա փրկարարներն էլ կարողացել են բռնել նրան ու վտանգավոր եզրագծից դուրս բերել։ 

Այդ քաղաքացին այնուհետև պարեկների կողմից տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 62-ամյա Սամվել Հ․-ն է։