Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 16-ի նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման նպատակով սուբսիդիա տրամադրելու որոշում կայացրեց:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին տրամադրված NԼՋ 0001 լիցենզիայի համաձայն՝
Ըստ «Վեոլիա ջուր» ընկերության հետ կնքած պայմանագրի՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է Ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագների վերանայում: 2022 թվականի օգոստոսի 8-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողովին էր ներկայացրել նման հայտ, որից հետո Հանձնաժողովը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը նախաձեռնել էր մոնիթորինգ։
Հանձնաժողովը հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,419 դրամ:
ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը: Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար՝ գումարային 208.419 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 7.949 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 177.156 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 6.756 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 31.263 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 1.193 դրամի (ԱԱՀ-ով) չափով: