Անցյալ տարվա հուլիսին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված 53-ամյա կինը հայտնել էր, որ գողացել են եղբոր «Մերսեդես» մակնիշի «G» դասի թանկարժեք մեքենան։ Հատուկ միջոցներ օգտագործելով՝ բացել էին Շիրակի մարզի Ազատան գյուղի 28-րդ փողոցի առանձնատան դարպասները, մտել ավտոտնակ ու տարել մեքենան։ Տանտերերն արտերկրում են։
Քրեական ոստիկանության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ամիսներ տևած տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, նաև քննչական գործողությունները դեպքից ամիսներ անց արդյունք տվեցին։
Իրավապահները պարզեցին, որ գողությունը կատարել էին 29-ամյա, 34-ամյա և 44-ամյա երեք տղամարդ, որոնցից երկուսը՝ Գյումրու, մեկը՝ Նոր կյանք գյուղի բնակիչ։
Ախուրյանի ոստիկանները նրանց հայտնաբերեցին, ձերբակալեցին ու ներկայացրին նախաքննական մարմին։ Ընդ որում, 34-ամյա տղամարդը այլ պետության քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով հետախուզվում էր, իսկ 44-ամյա տղամարդն արտերկրում դատապարտվել էր։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ տղամարդիկ «Մերսեդեսը» թաքցրել էին Գյումրու թաղամասերից մեկում՝ հետագայում վաճառելու նպատակով։ Բացի այդ, 34-ամյա տղամարդը խոստացել էր վաճառելուց հետո յուրաքանչյուրին 25000 դոլար տալ։
Իրավապահները, դատարանի որոշմամբ, խուզարկել են 29-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով փամփուշտ, մարիխուանայի և հաշիշի նմանվող զանգվածներ, կաթուցիչներ և այլն։
Երեքն էլ կալանավորվել են։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։