Ուշադրություն Ֆրանսիայում, Հոլանդիայում և ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայերին։ Տեղեկություններ, որոնք պետք է իմանք այդ երկրներում բնակվելու դեպքում։
Նիդեռլանդներ
Հայ-նիդերլանդական առնչությունների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 4-րդ դարին, երբ Նիդերլանդներում հաստատվել է ծագումով հայ հոգևորական սուրբ Սերվանտիոսը (ըստ որոշ աղբյուրների՝ նրա անունը Սրբատիոս-Սերովբե է, իսկ հոլանդերեն նրան կոչում են նաև Սինտ Սերվաս)։ Լատինական աղբյուրների համաձայն՝ նա եղել է Նիդերլանդների առաջին եպիսկոպոսը և վախճանվել է 384թ-ին։ Նրա մասունքները ամփոփված են Մաաստրիխտի գլխավոր եկեղեցիներից մեկում՝ իր պատվին կառուցված Սենտ Սերվասկերկ բազիլիկայում։
Նիդերլանդների ներկայիս հայ համայնքը կազմավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1948 թվականին մոտ 50 հայ ընտանիք գաղթել է Նիդերլանդներ Ինդոնեզիայից՝ Նիդերլանդների նախկին գաղութից։ 1956-ին բավական թվով հայ ընտանիքներ են եկել Հունաստանից, իսկ 1963-ին՝ Իրանից։ 1960 - 1970-ական թթ. Թուրքիայի տարբեր քաղաքներից շուրջ 400 հայ (թուրք բանվորների զանգվածային հոսքի հետ) տեղափոխվել են Նիդերլանդներ՝ աշխատանք գտնելու նպատակով։ 1960 70-ական թթ. Նիդերլանդներում հաստատվել է մոտ 800 հայ Դիարբեքիրից՝ հիմնականում Իրաքի հետ Թուրքիայի հարավարևելյան սահմանակից քրդական Շիրնակ գյուղից, Ցոզղատից։ 1970-80-ական թթ.Նիդերլանդների հայ համայնքը համալրվել է Իրանից, Իրաքից, Լիբանանից։ Խորհրդային միության փլուզումից հետո շեշտակիրոն աճել է Նիդերլանդներում հայերի քանակը՝ հիմնականում Հայաստանի և մի շարրք այլ խորհրդարյին հանրապետություններից ներգաղթի հաշվին։ Վերջին տարիներին՝ Իրաքից և Սիրիայից մի քանի հարյուր ընտանիք մշտական բնակություն է հաստատել Նիդերլանդներում։ Ներկայումս (2020) Ն-ում բնակվում է շուրջ 40000. հայ։ Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Ամերսֆորտում, Հաագայում, Լեյդենում, Դորդրեխտում, Ռոտերդամում, Ասենում, Նայմեխենում, Ուտրեխտում, Մաաստրիխտում և այլուր։
ԱՄՆ
Հայերը հիմնականում կենտրոնացած են այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Կալիֆորնիան, Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին, Ռոդ Այլենդը, Միչիգանը, Ֆլորիդան, Փենսիլվանիան, Օհայոն, Վիրջինիան, Տեխասը, Լուիզիանան և այլն։
Այսօր ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:
Ֆրանսիա
Առաջին հայերը Ֆրանսիայում հաստատվել են վաղ միջնադարում՝ 6-րդ դարում։ Նրանց թիվը աստիճանաբար ավելացել է հատկապես Կիլիկիայի հայկական պետության անկումից (XIV դար) հետո, ապա՝ XV-XVI դարերում, երբ հայկական փոքրաթիվ գաղութներ հիմնվեցին Մարսելում, Փարիզում և մի քանի այլ քաղաքներում։
Ֆրանսահայ համայնքը մասնավորապես ստվարացավ, երբ Մեծ եղեռնից փրկված արևմտահայ գաղթականների հազարավոր ընտանիքներ և որբեր հաստատվեցին Ֆրանսիայում։ Եվ պատահական չէ, որ Ֆրանսիայում մեծ թիվ են կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները։ 2003 թ.-ի ապրիլի 24-ին Փարիզի կենտրոնում տեղադրվեց Դավիթ Երևանցու՝ Կոմիտասի 4-մետրանոց բրոնզե արձանը՝ «Երգահան Կոմիտասի և 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ 1.5 միլիոն հայերի հիշատակին» մակագրությամբ։ Ներկայումս Ֆրանսիայում ապրող հայերի թիվը 900 հազար է։
Ֆրանսահայ համայնքի ձևավորումից ի վեր ստեղծվել են բազում դպրոց-վարժարաններ, հասարակական, բարեգործական և մշակութային կազմակերպություններ, որոնք հայապահպանության յուրահատուկ կենտրոններ են։ Այս առումով անգնահատելի դեր ունեն Համազգային ամենօրյա վարժարանը, Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղը, «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը և այլն։
Ֆրանսահայ գաղութներում ակտիվ է նաև հոգևոր կյանքը։ Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայ կրոնական համայնքները միավորված են Փարիզի, Լիոնի և Մարսելի շրջաններում։
Ֆրանսիայի շատ քաղաքներում փողոցները կրում են Հայաստանի աշխարհագրական վայրերի և նշանավոր հայերի անուններ։ Օրինակ՝ Լիոնում կա Հայաստան անունով, Վալանսում՝ Երևան անունով փողոցներ և այլն։ Մեծ թիվ են կազմում նաև Ֆրանսիայի և Հայաստանի քույր քաղաքները, ինչպիսիք են Փարիզն ու Երևանը, Բանյոն ու Վանաձորը, Վալանսն ու Իջևանը և այլն։