Մարտի 2-ի առավոտյան «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության բրիգադը կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 58-ամյա մի տղամարդու: Ըստ տեղեկությունների՝ նրան տանն էին դանակահարել։
Արագ արձագանքեցին Վարդենիսի բաժնի ծառայողները։ 

Նրանք ժամեր անց պարզեցին հետևյալը. գիշերվա ժամը 02-ի սահմաններում Վարդենիսի Իսակովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հիվանդանոց տեղափոխվածը և 40-ամյա համաքաղաքացին կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի ընթացքում էլ 40-ամյա տղամարդը դանակահարել էր 58-ամյա տանտիրոջը:
40-ամյա տղամարդը հայտնաբերվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։