Մարտի 2-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.20-ի սահմաններում երկու երիտասարդ ավազակություն են արել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ Խորենացու փողոց շտապ մեկնել է օպերատիվ-քննչական խումբ։ Տուժողը հայտնել է, որ երկու երիտասարդ դանակով բռնություն են գործադրել և հափշտակել պայուսակը, որի մեջ կային հեռախոս, դրամապանակ և բանկային քարտեր:


Արագ ու պրոֆեսիոնալ են գործել Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նրանք ժամը 21-ին մայրաքաղաքի Գայի պողոտայում հայտնաբերել ու ձերբակալել են 18-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են տուժողի հեռախոսն ու դանակներ:
Ժամեր անց, արդեն մարտի լույս 3-ի գիշերը, իրավապահները մայրաքաղաքի Մարգարյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են մյուս հանցակցին:
Ձերբակալվածները ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Ավազակության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`