ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են երկու անչափահասի կողմից օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքի էական հանգամանքները:
2023 թվականի մարտի 2-ին ՌԴ քաղաքացին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:35-ի սահմաններում, արական սեռի 2 անձինք, Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի շենքերից մեկի մուտքի վերելակի դիմաց, դանակի գործադրման սպառնալիքով, հափշտակել են իր «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսը և ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտեր, ՀՀ-ում աշխատելու իրավունքի քարտ և իրեն պատճառվել է զգալի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաղորդում ներկայացրած անձը տուժող է ճանաչվել: Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն:
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ քննչական հանձնարարություն:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել են 2005թ․ դեկտեմբերին և 2006թ․ փետրվարին ծնված՝ Երևան քաղաքի և Արարատի մարզի բնակիչ երկու երիտասարդներ:
Նրանցից մեկի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ և գողոն հանդիսացող հիշյալ մոդելի բջջային հեռախոսը:
Երիտասարդներից մեկը նաև տվել է ինքնախոստովանական ցուցմունք՝ նկարագրելով իրենց կողմից կատարված գործողությունները։
Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ, վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։