Երեկ՝ մարտի 1-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։



 

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն է։

Արդեն տեղում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, վաչրության պետի 1-ին տեղակալ Արթուր Պետրոսյանի, նույն գլխավոր վարչության ՄՍԴՈՒ ՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի  6-րդ փողոցից։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել Կոտայքի գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանը, վաշտի հրամանատար Արմեն Ավետիսյանը և պարեկներ Նիկոլայ Կաղյանն ու Վահան Թորոսյանը, քանի որ դեպքի վայրին կան հարակից մի քանի փողոցներ։

Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կ․ Փթուկյանի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչի գլխավորությամբ։ Քննչական խումբը դեպքի վայրում հայտնաբերել է արնանման հետքեր, գլխարկ, որը, հավանաբար՝ վիրավորինն է և հանցագործության հետ առնչվող այլ կարևոր իրեր։ 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել  է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները ու կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործությոյան գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։