Աշոցքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Շիրակի մարզի մի բնակչուհի, փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու դրդմամբ, փողի դիմաց սեռական հարաբերություն էր ունեցել:Տեղեկությունների հավաստիությունը պարզելու ուղղությամբ Աշոցքի ոստիկանները միջոցառումներ ձեռնարկեցին։

Նախնական տվյալներով՝ 19-ամյա կինը 34-ամյա ամուսնու հետ, որը Գյումրիի բնակիչ է, անցյալ տարվա հոկտեմբերին այցելել էր Արմավիրի մարզում բնակվող իրենց ծանոթին և գիշերել նրա տանը: Ամուսինը իրենց հյուրընկալած տղամարդուն առաջարկել էր փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ՝ ասելով, որ իրենց փող է պետք, որ Գյումրի վերադառնան: Արմավիրի մարզի բնակիչը սեռական հարաբերություն էր ունեցել 19-ամյա կնոջ հետ։ Կատարվածից հետո կինը ամուսնուց բաժանվել էր։

Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու հատկանիշներով։

Աշոցքի ոստիկանները, համագործակցելով Ախուրյանի բաժնի գործընկերների հետ, 34-ամյա տղամարդուն հայտնաբերեցին ու ներկայացրին նախաքննական մարմին։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: