ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Անկախության օրվա առթիվ
Անկախությանը 1991 թվականի այս օրը աներկբա «ԱՅՈ» ասած հայ ժողովրդի միասնական կամքը անցած ավելի քան երեսուն տարիներին բազում և ծանր փորձությունների ենթարկվեց:
 
 
Ամենածանր փորձությունը, սակայն, մեր ժողովրդի համար արտաքին թշնամու դեմ պայքարը չէր, որտեղ նա փառահեղ հաղթանակներ է կերտել:
 
Կյանքը ցույց տվեց, որ, ցավոք, ամենամեծ փորձությունը, որը փորձանք դարձավ հայ ժողովրդի գլխին, հանդուրժելն է սուտ խոստումներով իշխանությունը զավթած կապիտուլյանտ կառավարիչներին, որոնք անխնա մսխում են անկախ պետականության կերտման ու ամրապնդման ճանապարհին ունեցած բոլոր ձեռքբերումները և լրջագույն վտանգի տակ են դրել մեր պետության ու ժողովրդի ապագան:
Այլևս ժամանակը չէ բարձրագոչ խոսքերի. կա՛մ մեր ժողովուրդը իր ազատ և անկախ ապրելու միասնական կամքը վերստին կարտահայտի՝ դուրս գալով կործանարար թմբիրից և ձերբազատվելով ապազգային, վախկոտ, ձախողված իշխանություններից, կա՛մ հարվածի տակ կդնի ոչ միայն պետականությունը, այլև հազարամյա իր հողի վրա սեփական գոյությունն առհասարակ:
Այսօր, առավել քան երբևէ, անկախությունը իր նվիրյալ զավակների պաշտպանության կարիքն ունի:
Մեր ժողովրդի համար այս ծանր պահին ես վերահաստատում եմ՝ երբեք չեմ լքի խրամատը, որը պաշտպանում է հայկական պետականությունը:
Աստված պահապան Հայաստանին և հայ ժողովրդին: