Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։
1991 թվականի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրվել է ՀՀ առաջին նախագահ։ Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։
20-րդ դարում Հայաստանը երկու անգամ վերականգնել է անկախ պետականությունը: Այդ իսկ պատճառով Հայաստանը, ըստ էության, ունի անկախության երկու տոն՝ սեպտեմբերի 21 և մայիսի 28 (վերջինս անվանվում է Հանրապետության օր):
Սակայն միանգամայն տարբեր էին այն ժամանակներն ու հանգամանքները, երբ հռչակվեցին Հայաստանի Առաջին և Երրորդ Հանրապետությունները:
Սեպտեմբերի 21-ը յուրաքանչյուր հայի հոգում ու մտքում ամրագրված է մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում է անկախության գաղափարը՝ բոլորին համակելով հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու ու պահպանելու եռանդով:
31 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։