Ժամը 15։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կրկին ծայրահեղ լարվել է։ Ժամը 13։00-ից սկսած, Սոթքից մինչև Գորիս ընկած ամբողջ սահմանագծով թշնամին վերսկսել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը։
Հատկանշական է, որ ծանր հրետանային հարվածներ են հասցվել նաև մարտական գործողությունների գոտում հումանիտար առաքելություն իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության տեղակայման շինությանն ու տրանսպորտային միջոցին։ Սա հերթական վկայությունն է, որ, չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական զինուժը տարբերություն չի դնում թիրախների միջև։
Հրթիռահրետանային հարվածներին զուգահեռ, Ադրբեջանական ստորաժանանումները վերսկսել են նաև դիրքային առաջխաղացման փորձերը։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։
Ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։
Պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում մեր համաքաղաքացիների պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում օգտակար լինել բանակին։ Այդուհանդերձ, վստահեցնում ենք, որ բոլոր հոսպիտալներն ապահովված են զինծառայողների բուժումը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Տեսանյութ ՝