ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել։
Հարգելի քաղաքացիներ,
Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը՝
Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։
Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին՝ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով։
Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։