Անդրանիկ Նահապետի Մարգարյանը ծնվել էր հունիսի 12-ին ՝ 1951 թվականին Երևանում։ 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ,
1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող,
1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ Հայաստանի վարչապետ։ 2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի մարտի 25-ին Երևանում սրտի կաթվածից։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։