«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հանդիպել են Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:
Զրույցի ընթացքում պատգամավորները ներկայացրել են Հայաստանում տիրող ներքաղաքական, ինչպես նաեւ դատական և իրավապահ, մամուլի և խոսքի ազատության ոլորտներում տիրող իրավիճակը:
Հատուկ ուշադրություն է դարձվել խաղաղ ցույցերի ընթացքում իրավապահ մարմինների կողմից գործադրված բռնությունների և վայրագությունների վրա, առանձին մատնանշվել են այն բոլոր իրավախախտումները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են դատական համակարգում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում:
Նույն օրը ԼԳԲՏ հարցերով զբաղվող ամերիկացի պաշտոնյա Կառա Մաք Դոնալդը ԱՄն դեսպանատանը մասնակցել է ԼԳԲՏ անձանց Փրայդ ամսվա առիթով կազմակերպված ընդունելությանը։