Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ և հարցումներ է ստանում «Երկիր մեդիա» հեռուստածրագրով, ռեժիսոր Գոռ Վարդանյանի «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ։ Սերիալի բովանդակությունը ակտիվ քննարկվում է նաև համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում։
Այդ կապակցությամբ ՀՌՀ հանրության հետ կապերի բաժինը լիազորված է ներկայացնել հետևյալ պարզաբանումը.
Հանձնաժողովի կողմից արդեն իսկ կազմվել է արձանագրություն՝ ակտիվ քննարկման առիթ դարձած դրվագի մասով:
Վերոնշյալը համապատասխանում է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 1–ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 109 Ա որոշման 2–րդ կետի 5–րդ ենթակետին, այն է՝ նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպություններին։
Հավելենք նաև, որ թեպետ այս պահին արձանագրությունը կազմվել է նշված դրվագի կապակցությամբ, սակայն ֆիլմի ցուցադրված սերիաները և անոնսները թույլ են տալիս եզրակացնել, որ սերիալը կարող է խախտել նույն որոշման մեկ այլ նորմ, այն է՝ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն տեսալսողական հաղորդումները, որոնք նպաստում են հանցագործ աշխարհի բարքերի, վարվելաձևերի, խոսելաձևերի հասարակության մեջ տարածմանը, հանցագործ կերպարների և կենսակերպի ռոմանտիզացիային։