Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտարարություն է տարածել։
 
 
ԿԱՊԻԿԻ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ԹԱՐՄԱՑՈՒՄ
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։
Հիվանդների մոտ հայտնաբերվել է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որի` մինչ այժմ արձանագրված մահաբերությունը, 1% է: Արձանագրված հիվանդների մոտ մահվան դեպքեր չեն արձանագրվել:
 
Հիշեցնում ենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:
Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
 
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, ովքեր ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղկի ախտաշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, ովքեր պատվաստվել են բնական ծաղկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղկից:
Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:
Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: