Մելանյա Ծառուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Որպես վերջերս քովիդի մղձավանջով անցած մարդ, ով սեփական մաշկի վրա է զգացել ոչ միայն հիվանդության անտանելի տանջանքները, այլև այն, որ քովիդով հիվանդը Հայաստանի առողջապահական համակարգի համար 10-րդ սորտի մարդ է, խնդրում ու հորդորում եմ զգուշանալ քովիդով վարակվելուց և խստագույնս պահպանել հակահամաճարակային ու սանիտարահիգիենիկ կանոնները, որպեսզի Աստված ոչ արասցե հիվանդանոցում հայտնվելուց հետո չանցնեք «քովիդի բուժում» կոչված նույն մղձավանջի միջով:
Պարզվում է, քովիդի բուժումը Հայաստանում եկամտի կայուն աղբյուր է դարձել դրա պատասխանատվությունը ստանձնած կառույցների ու հաստատությունների համար:
Քանի որ համավարակի բուժումը սպասարկող բուժաշխատողներին բարձր են վճարում, խնամի-ծանոթ-բարեկամ կարող են աշխատանք գտնել Քովիդ բաժանմունքներում, եթե անգամ առաջին կուրսի ուսանող են և բոլորովին չեն տիրապետում բժշկության՝ չեմ ասում արհեստավարժ, բայց գոնե մասնագիտական տարրական գիտելիքների:
Մասնավորապես, «Արմենիա» ԲԿ-ում քովիդի բուժումով զբաղվում են ,մեղմ ասած՝ ոչ պրոֆեսիոնալները: Գրեթե բոլորի համար նույն ստանդարտ դեղամիջոցներն են նշանակվում,նույն հակաբիոտիկները ՝ անկախ տարիքից և ուղեկցող հիվանդություններից: Բաժանմունքի վարիչը ընդամենը մեկ անգամ ձեռքի հետ ոտքի վրա նշանակումներ է անում, իսկ եթե պրակտիկանտ բժիշկը հասցնում է ֆիքսել, լավ, թե չէ՝ Աստված հիվանդի հետ…
Անհասկանալի է նաև, թե ինչ առնչություն ունի Էնդոկրին բաժանմունքի վարիչի գործառույթը քովիդի բաժնի ղեկավարի պաշտոնի հետ…
Ասել, թե քովիդ բաժանմունքում կատարյալ բարձիթողի վիճակ է, նշանակում է ոչինչ չասել: Անտարբերության ու ամենաթողության մթնոլորտում իրենց հիվանդի բուժումը կազմակերպելու համար հիվանդի հարազատները երբեմն ստիպված են լինում դիմել բռունցքների օգնությանը: Հիվանդների ԿՏ հետազոտությունը կատարում են միայն կեսգիշերին. հիվանդանոցի նկուղային ցուրտ ու մութ,երկար միջանցքներով, առանց թթվածնային սարքերի, առանց սայլակների, ընդամենը մի մայրապետի ուղեկցությամբ նրանց տանում են ԿՏ հետազոտության: Շնչահեղձ լինող հիվանդները պատերից բռնած մի կերպ են հասնում ԿՏ-ի կաբինետին: Ու քանի որ վերելակը խափանված է, և միայն մայրապետը կարող է աշխատեցնել այն, տարեցները ստիպված սպասում են, մինչև բոլորի հետազոտությունն ավարտվի։ Հետո նույն դողդոջուն քայլերով, պատերից բռնվելով մի կերպ հասնում են վերելակին։ Նրանց ոտքերի քստքստոցը միջանցքներում ու պատերից մի կերպ բռնվող դողդոջյուն ձեռքերը հիշեցնում են գերմանական համակենտրոնացման ճամբարների գերիներին…
Կարևոր մի հանգամանք. առողջապահության ոլորտի հարգարժան պատասխանատուներ, շատ մի տարփողեք ուղեկցող հիվանդությունների պատճառով առաջացած մահերը։
Դրանք առկա են բացառապես այն պատճառով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում ուղեկցող հիվանդությունների բուժման առանձնահատկություններին։ Օրինակ՝ անոթային բաժնից քովիդ բաժանմունք տեղափոխված հիվանդին «բուժելուց» հետո պարզվում է, որ հիվանդին մեկ շաբաթ առաջ պետք է ԿՏ-ով զննեին, բայց մոռացել են: Իսկ ինչպես հայտնի է, անոթային հիվանդները առաջին ռիսկային խմբում են: Ինսուլին ունեցող հիվանդը բղավում է՝ «արյանս մեջ ինսուլինը ստուգեք, ինքնազգացողությունս վատ է», բուժքույրերը հերթով մտնում են, թե՝ «շաքարդ ստուգե՞նք»… Սա ևս մի դրվագ է բուժաշխատողների անտեղյակության շարքից…
Ինչ վերաբերում է բուժքույրերին ու բուժեղբայրներին, մեկը մեկից «բեխաբար» գալիս-գնում են, առանց բուժման թերթիկի ու նշանակումների աչքաչափով դեղեր տալիս, ներարկումներ անում: Ամեն փոխվող հերթափոխը՝ իր ձևով, իր իմացած դեղերով: Կարևորը բարձր վարձատրությունն է։ Հոգնած «բուժաշխատողներին» մեղադրելն էլ դժվար է. մարդիկ հերթափոխը հանձնելով հիվանդանոցի մի բաժնում, գալիս են նույն օրը հերթափոխելու քովիդ բաժանմունքում։ Այնպես որ աշխատանքի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է...
Սննդի մասին վերջում խոսեմ, որպես քովիդի բուժման անկարևոր մասնիկ: Թե որքան գումար է հատկացվում յուրաքանչյուր հիվանդին երեքանգամյա սնունդով ապահովելու համար, հարցի մի կողմն է. մյուս կողմում՝ հին, սառը, անասելի շատ ձեթ ու տոմատով համեմված սոխ ու չգիտես ինչ միս՝որպես պադլիվկա, ու տարատեսակ սառած փլավներ, փտած խնձոր և միակ հուսալի ըմպելիքը՝ փոքր հյութ: Միայն Աստծուն է հայտնի, թե քանի մարդու ինքնազգացողություն է վատանում անորակ ու հին սննդից…
Հ.Գ. Արմենիա ԲԿ-ից մեր դժգոհության մասին տեղյակ է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա հետ մասնավոր հեռախոսազրույցում աղջիկս ցանկություն էր հայտնել ինձ ուրիշ հիվանդանոց տեղափոխել։ Խնդրանքը բավարարվել էր, սակայն հասկանալով, որ քովիդ բաժանմունքները ղեկավարվում են միևնույն կենտրոնից, անիմաստ համարեցի այդ տեղափոխությունը…
… Անսահման շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր հիվանդանոցում գտնվելու ընթացքում աղոթեցին ինձ համար, քաջալերեցին ու գոտեպնդեցին հարազատներիս…
Պահպանեք ձեր առողջությունը