Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը

Վերջին տվյալների համաձայն, Բրովարսկոյ թիվ 161 զինվորական ավանի վրա  ավիահարվածի հետևանքով մեկ շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 4 հարկանի մեկ այլ շենքի 3-րդ և 4-րդ հարկերը՝ մասամբ վնասվել, զինվորականները տարհանվում են, տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շտապօգնությունը: 

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ, մեկ վիրավոր և չճշտված տվյալներ կան ևս 5 տուժածի մասին, որոնց վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրվի լրացուցիչ։

Կոնոտոպ շրջանում ավտոմեքենա է հրդեհվել կրակահերթի պատճառով, ինչի հետևանքով վիրավորումներ են ստացել մեկ կին և մեկ երեխա:

Օդեսայի մարզում՝ Պոդոլսկ քաղաքում, ռմբակոծության հետևանքով կա 6 զոհ, 7 վիրավոր, 19 անհետ կորած:

 

Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքում հրետակոծության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։

Դնեպրոպետրովսկի շրջանի Կրիվոյ Ռոգ քաղաքում երեք հարված է եղել մարտական հերթապահության դիրքերին անօդաչու թռչող սարքերից, առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ռմբակոծվել է Ինգուլեց գետի կամուրջը:

Խերսոնի շրջանի Պրեոբրաժենկա գյուղի մերձակայքում գտնվող սահմանապահների դիրքերի հրթիռակոծման հետևանքով մեկ սահմանապահ է զոհվել։