Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Երեկ Աբովյան-Արզնի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 5 անձանցից 4-ը նույն ընտանիքի անդամներ են եղել, մյուսը՝ նրանց մերձավորներից: Զոհվածները եւ միակ փրկվածը՝ ընտանիքի 15-ամյա դուստրը, գտնվել են միեւնույն՝ «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենայում:
Աղջիկը անգիտակից վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է արհեստական շնչառության սարքին:
Պետրոսյանների ընտանիքը հրավիրված է եղել Աբովյան քաղաք՝ բարեկամներից մեկի տուն. «Իրենց հարսի հարազատներից մեկն է հրավիրած եղել, գնացել էին խաշ ուտելու: Բացի ընտանիքի անդամներից, մեքենայում եղել է նաեւ հարսի քույրը՝ 33-34 տարեկան աղջիկ, որը եւս տեղում մահացել է»:
Ընտանիքի հայրը՝ «ՎԱԶ-21 06»-ի վարորդը, 46 տարեկան էր, նրա կինը՝ 40 տարեկան, որդին՝ 17, իսկ ընտանիքի տատիկը՝ 63: Նրանք բոլորը Չարենցավանում են բնակվել: Իսկ հարսի քույրը 34 տարեկան էր, որ ապրում էր Բյուրեղավանում: