Հոնկոնգում օգտագործվող Comirnaty եւ CoronaVac պատվաստանյութերի երկու դեղաչափը քիչ պաշտպանություն է ապահովում կամ ընդհանրապես չի պաշտպանում նոր օմիկրոն կորոնավիրուսային շտամից: Այս մասին զգուշացնում են Հոնկոնգի համալսարանի մանրէաբանները։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վերոնշյալ պատվաստանյութերի երկու դեղաչափի ընդունումից հետո մարդկանց մեծամասնության մոտ օմիկրոն շտամի դեմ հակամարմինների բավարար մակարդակ չի առաջանում։

 

Ավելին, Pfizer դեղամիջոցի 25 ստացողներից միայն 5-ն ունեին որոշակի աստիճանի չեզոքացնող ունակություն oմիկրոնի նկատմամբ: Ընդ որում, պատվաստանյութի արդյունավետությունը կրճատվել է մինչեւ 20-24 տոկոս, իսկ SARS-CoV-2 կորոնավիրուսի սկզբնական շտամի համեմատ՝ օմիկրոն տարբերակի դեմ չեզոքացնող հակամարմինների տիտրը նվազել է 36-40 անգամ։

 

Ինչ վերաբերում է չինական Sinovac ընկերության կողմից արտադրված CoronaVac պատվաստանյութին, ապա 25 պատվաստվածների արյան շիճուկը (1:10 ջրիկացման սահմաններում) ընդհանրապես չի պարունակում բավարար հակամարմիններ՝ օմիկրոնի շտամը չեզոքացնելու համար:

Հետազոտողները չեն բացառում, որ պատվաստանյութի երրորդ դեղաչափը կպահանջվի այս տարբերակի դեմ իմունային պատասխանն ուժեղացնելու համար, բայց դրա արդյունավետությունը դեռ պետք է որոշվի:

Սակայն Հոնկոնգի համալսարանի գիտնականները կոչ են անում որքան հնարավոր է շուտ խթանիչ դեղաչափ ընդունել՝ չսպասելով նոր սերնդի հակաքովիդային դեղամիջոցների մշակմանը: