ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կազմակերպված խմբի կողմից համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու բոլոր հանգամանքները, տուժած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են հանցավոր խմբի անդամներից երկուսի ինքնությունը, խարդախության մեխանիզմը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 29 և 21-ամյա երիտասարդները, սոցիալական ցանցի միջոցով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու մտադրությամբ, ստեղծել են հանցավոր խումբ և կատարել դերաբաշխում՝ խմբի կազմում ներգրավելով նաև համապատասխան համակարգչային մասնագետ, ով ստեղծել է «ajakic.com» անվանմամբ կայք:
Այնուհետև www.facebook.com սոցիալական ցանցում տեղադրելով գովազդ, թե իբր «Արագ աջակցություն» անվանումով կազմակերպությունն ընդամենը հաշված րոպեների ընթացքում, առանց վարկային պատմության և երաշխավորի տրամադրում է մինչև 4մլն ՀՀ դրամի չափով վարկ՝ օգտատերերին ուղղորդել են վարկ ստանալու վերաբերյալ հայտ ներկայացնելու համար այցելել իրենց կողմից ստեղծված հիշյալ կայք:
Կապ հաստատելով հայտատուների հետ և մտացածին անուններով ներկայանալով որպես վարկային կազմակերպության աշխատկից՝ քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով հավաստիացրել են, թե իբր վարկի գումարը հաստատվել է, և այն ստանալու համար պահանջել 094 605-868 և 077 137-362 հեռախոսահամարներով «Tellcell» վճարահաշվարկային համակարգում նախապես բացված հաշիվներին փոխանցել վարկի մարման առաջին ամսվա գումարի չափով կանխավճար, որոնք տարբեր օրերի կանխիկացվել են կազմակերպված խմբի անդամների կողմից և հափշտակվել:
Քննությամբ հիմնավորվել է, որ խմբի կողմից, այս եղանակով, 2021թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում մեկ տասնյակից ավելի անձանցից խարդախությամբ ընդհանուր առմամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 939 800 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 29-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու հնարավոր այլ եղանակները և տուժածների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են կազմակերպված խմբի այսօրինակ գործողություններից, կարող են դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Միաժամանակ՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է օգտվել միայն արդեն ստուգված և վստահելի կազմակերպությունների ծառայություններից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: