Նյութը ՀայԶնիվոր կայքից։
Երբ պատերազմն սկսվեց, ավագ որդիս՝ Անդրանիկս, որպես դասակի հրամանատար, ամենաթեժ ճակատում էր, երկու օր անց կրտսեր որդիս՝ Արսենս, մեկնեց Արցախ: Ես մնացի մենակ (ամուսինս վաղուց է վախճանվել): Երկու երեխա ունեի՝ երկուսն էլ պատերազմի բոցերում էին 42 օր: 42 օր ես անցա ամենաիսկական դժոխքի միջով: …Հրադադարից երկու օր առաջ երկուսն էլ վիրավորվեցին ու տեղափոխվեցին հոսպիտալ: Արսենիս վնասվածքը մահացու չէր: Անդրանիկս…
Չգիտեմ՝ ինչ ասեմ: Մոռացել եմ բոլոր բառերը: Ճիգ եմ անում ընկալել լսածս … Ու հանկարծ ինձ համար էլ անսպասելի հարցնում եմ՝ ախր, ո՞նց է լինում, որ մի ընտանիքում երեք-չորս տղամարդ նստում են տանը, երբ թշնամու հրթիռները բզկտում են հարազատ հողը, իսկ մեկ ուրիշ ընտանիքում երկու որդին էլ մեկնում են ռազմաճակատ:
Կինը մեղմ ժպտում է: Այնքան երիտասարդ է՝ դժվարանում ես հավատալ, որ մարտերում թրծված հերոս որդիների մայր է:
-Ուզո՞ւմ եք՝ պատմեմ տղաներիս մասին:
Ես գլխով եմ անում:
-Իմ տղաները ծնվել են Գյումրիում, երկրաշարժից հետո: Մեր ընտանիքը այդ ժամանակ մանկապարտեզում էր ապրում, որովհետև ամուսնուս տունը քանդվել էր: Անդրանիկս ծնվեց 1993-ին, Արսենս՝ 1995-ին: Պատերազմ էր, ցուրտ, խավար: Մի կերպ ծայրը ծայրին էինք հասցնում:
Անդրանիկս ու Արսենս հակապատկեր էին: Անդրանիկս ինքնամփոփ էր, չշփվող, խաղաղ, հավասարակշռված: Արսենս անհաշիվ ընկերներ ուներ, նախաձեռնող էր, անհամբեր, բռնկուն: Մինչև 12 տարեկան օր չկար, որ իրար չծեծեին: Հետո միանգամից խաղաղվեցին: Չէ, այնուամենայնիվ, մի ընդհանրություն ունեին՝ երկուսն էլ մանկուց նկարում էին: Միայն նկարելիս էին խելոք: Մինչև հիմա պահել եմ տղաներիս մանկական ստեղծագործությունները:
Անդրանիկս շատ լավ էր սովորում դպրոցում, անընդհատ կարդում էր: Արսենս սովորելուն զուգահեռ աշխատում էր, որ ձեռքին փող լինի: Անդրանիկս փայլուն հաջողություններ ուներ ֆիզիկայից, մաթեմատիկայից, անգլերենից, հոգեվերլուծության մասին գրքեր էր կարդում, հաղթում էր օլիմպիադաներում, Արսենս 15 տարեկանում ընկերուհի ուներ ու փորձում էր ինքը հոգալ իր ֆինանսական կարիքները: Նա 9 տարեկան էր, երբ ամուսինս մահացավ ավտովթարից: Անդրանիկս ասում էր՝ ռազմական օդաչու եմ դառնալու: Այդ մասնագիտությունը ինձ վտանգավոր թվաց, չհամաձայնեցի, ու տղաս դարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ: Հետո Արսենս ընդունվեց ռազմական համալսարան, բայց անսպասելի որոշեց ուսումը կիսատ թողնել ու գնալ բանակ՝ ժամկետային ծառայության: Այդ ժամանակ Անդրանիկս Անգլիայում էր: Նա շահել էր մրցույթն ու գործուղվել սովորելու Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում:
Տունս դատարկվել էր, մնացել էի մենակ, բայց երբ որդիներիս տեսնում էի համազգեստով. մեկին՝ կուրսանտական, մյուսին՝ զինվորական, հոգիս փառավորվում էր: Իմ տղաներին համազգեստը շատ էր սազում, նրանք բարձրահասակ էին, կոկիկ, սլացիկ, սիրուն դիմագծերով…
-Արսենը սահմանի՞ն էր, դի՞րք էր պահում:
-Էն էլ ի՜նչ սահման. Թալիշում էր: Թշնամու դիվերսիան հետ մղելիս վիրավորվեց: Երբ թուրքերը հասնում են դիրքին ու սկսում են կրակել, Արսենս թմբի վրա կանգնած զինվոր ընկերոջը՝ Էրիկին, քաշում, գցում է գետնին ու մարմնով ծածկում է նրան: Էրիկ Գրիգորյանը զոհվեց ապրիլյան պատերազմում: Թուրքը մի ամբողջ փամփշտակալ է դատարկում որդուս ձեռքի մեջ: Երբ մի քանի վայրկյանով կրակը դադարեցնում է՝ զենքը լիցքավորելու համար, ընկերները կարողանում են հեռացնել տղայիս նշանառության տակից: Հետագայում Արսենս պատմում էր, թե ոնց էր լացում զինակից ընկերը՝ Վարդանյան Գևորգը՝ տղայիս ուժեղ արնահոսությունից տագնապած, ոնց էր կրկնում՝ Արսեն, խնդրում եմ, խնդրում եմ: Ասես՝ Արսենից էր կախված՝ կփրկվի, թե ոչ: Հրաշալի, հավատարիմ, նվիրված բանակային ընկերներ ուներ Արսենս: Գևորգն էլ զոհվեց ապրիլյան պատերազմում: Երբ տղայիս բերեցին հոսպիտալ, նրա հրամանատարը՝ Արգիշտի Գաբոյանը, Թալիշից եկավ Երևան, որ այցելի Արսենիս՝ իր վիրավոր զինվորին:
Արսենս ապրիլյան պատերազմին չմասնակցեց, թևի վնասվածքի պատճառով ժամանակից շուտ զորացրեցին: Վերադարձավ տուն: Ընկերոջ խորհրդով ընդունվեց Արտակարգ իրավիճակների ակադեմիան: Ցերեկները գնում էր դասի, երեկոները եղբոր նվիրած մեքենան տաքսի դարձրած՝ փող էր աշխատում: Այդ ընթացքում Անդրանիկս ևս մի մրցույթի մասնակցեց Մոսկվայում, վերադարձավ մեդալով, ավարտեց ռազմական համալսարանն ու ծառայության անցավ Նոյեմբերյանի զորամասում:
Մի բան ասեմ անկեղծորեն. ահավոր զղջում էի, որ թույլ եմ տվել նրան զինվորական դառնալ, որովհետև այնպես էր նվիրվել ծառայությանը, որ մեզ համար տեղ ու ժամանակ չէր մնացել: Առավոտից իրիկուն զորամասում էր: Երբ գիշերը զանգում էի, մի-երկու բառ էր խոսում ու ասում էր՝ աչքերս փակվում են, քնում եմ: Հետո զեկուցագիր գրեց, որ իրեն Արցախ տանեն: Հաճախ էր ասում՝ շուտով պատերազմ է սկսվելու: Ու գնաց Հադրութ… Տեղափոխվելուց հետո ամիսներով ձայնը չէի լսում: Տուն չէր գալիս, զորամասում էր քնում: Ինչ խոսում էիր, ասում էր՝ զինվորներս: Վերջին անգամ դիրքեր բարձրանալուց առաջ եղբորն ասաց՝ մամային լավ կնայես: Արսենս հեռախոսը ձեռքին մոլորված էր մնացել, ասաց՝ Անդրանիկը ոնց որ հրաժեշտ տար:
…Երբ պատերազմն սկսվեց, Արսենս ասաց՝ մա՛մ, գնալու եմ եղբորս մոտ: Ուշադրություն չդարձրի, մտածեցի՝ էդ ձեռքով նրան ո՞վ կռիվ կտանի, անգամ մատները չի կարողանում շարժել: Մեկ էլ զանգեց, թե՝ Արցախում եմ, շուտով կտեսնեմ եղբորս: Անդրանիկիս զորքի տեղակայման ուղղությամբ թուրքերը անընդհատ կրակում էին հեռահար զենքերով, մեքենա չէր կարող մոտենալ դիրքին, բայց Արսենս կրակի տակ, մահն աչքի առաջ, ոտքով ահռելի ճանապարհ էր կտրել ու գտել էր եղբորը: Արսենս ասում է՝ ով լսում էր, որ Անդրանիկ Խաչատրյանին եմ որոնում, ասում էր՝ հերոս եղբայր ունես: Երբ Անդրանիկս տեսել է եղբորը, ապշել է: Հետո խնդրել է՝ զինվորներիս ուշադիր եղիր, 5 րոպե աչքս կպցնեմ: Արսենս ասում է՝ էնքան էր հոգնած, որ ճոճվում էր ոտքի վրա:
Պատերազմի ժամանակ իմ հիմնական կապը Արսենիս հետ էր: Անդրանիկս էնքան չէր զանգել, որ կասկածում էի, վատ բան էի մտածում: Արսենին ասացի՝ եղբորդ կասես՝ էսօր անպայման զանգի, որ ձայնը լսեմ: Մեկ էլ զանգեց, ծիծաղելով հարցրեց՝ հը՞, մա՛մ ջան, ի՞նչ կա, ի՞նչ ես անհանգստացել…
Երբ Արսենս զանգում էր, հաճախ պայթող հրթիռների աղմուկից իրար չէինք լսում, բայց միշտ ասում էր՝ լավ եմ, ապահով ենք…Միայն մի անգամ ասաց՝ հազարավոր լեշեր ենք փռել մեր հողի վրա: Մի անգամ էլ ձայնը այնքան տխուր էր ու հուսահատ: Հետո իմացա (քրոջս տղային էր ասել), որ շրջափակման մեջ են ընկել: Մի քանի օր մնացել են առանց ջրի ու կերակուրի: Դրսից շրջափակումը ճեղքելու բոլոր փորձերը ձախողվել են: Հետո երկու գնդապետ (անունները չեմ հիշում) իրենց զինվորներով ճեղքել են օղակն ու դուրս բերել մեր տղաներին, նրանք էլ անմիջապես շտապել են Ջեբրայիլում շրջափակված զինվորներին օգնելու: Արսենը պատմում է, որ Անդրանիկի հաշվարկով թշնամու բազմաթիվ տանկեր են տեղորոշվել ու խոցվել: Երեք տանկ անձամբ իր ձեռքով է շարքից հանել Անդրանիկս: Իսկ Արսենս մի քանի անգամ պարզապես հրաշքով է փրկվել: Գրոհով շրջափակում են ճեղքել՝ տալով բազմաթիվ զոհեր:
-Ի՞նչ զենքից են վիրավորվել Անդրանիկն ու Արսենը:
-«Սմերչի» հարվածից: Հակառակի պես Արսենի հաշմված ձեռքը երկրորդ անգամ է վիրավորվել: Բայց կարողացել է կանգնեցնել Անդրանիկի ոտքի արնահոսությունը, իր աչքով տեսել է, որ եղբորը տարան շտապ օգնության մեքենայով, հետո միայն հեռացել է մարտադաշտից: Անդրանիկս կապրեր, եթե հասներ հիվանդանոց: Թուրքերը ճանապարհին շրջապատել են շտապ օգնության մեքենան ու սպանել մեր վիրավոր տղաներին:
՛-Ես մի քանի տեսանյութ եմ դիտել համացանցում, Անդրանիկը խոսում էր սահմանի պաշտպանությունից:
-Ես էլ եմ էդ տեսանյութերը ամեն օր նայում: Ես ֆիզիկապես ներկայում եմ, քայլում եմ, խոսում, իսկ սիրտս անցյալում է մնացել: Ամեն պահի մի նոր բան եմ հիշում, երբ Անդրանիկս սովորում էր Մեծ Բրիտանիայի թագավորական ակադեմիայում, իմ ծննդյան օրը, ուղիղ ժամը 12-ին, զանգեց տեսակապով: Հենց էկրանը բացվեց, տարբեր ազգի բազմաթիվ տղաներ սկսեցին միասին երգել Happy birthday to you, հետո հրավառություն սարքեցին, հետո հերթով մոտեցան էկրանին ու խոնարհվեցին….Իմ ամենաերջանիկ ծննդյան օրն էր: …Անդրանիկս ինձ միշտ ծաղիկներ է նվիրել: Երբ սկսեց քայլել, ճանապարհից էր ծաղիկներ պոկում ու տալիս ինձ, իսկ երբ մեծացավ, գնում էր ամենագեղեցիկ փնջերը: Մեր տանը միշտ ծաղիկ կար….
Մարինեն բերում է լուսանկարների կույտն ու սկսում է մեկ առ մեկ նայելով՝ մեկնել ինձ…Հետո առանց հայացքը բարձրացնելու՝ ասում է.
-Ցավն ու հպարտությունը միասին են իմ հոգում: Ամենախոր ցավն ու ամենահզոր հպարտությունը:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ