ՀՀ Քննչական Կոմիտեից հայտնում են։
2021 թվականի հուլիսի 19-ին`ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել՝ նույն օրը՝ժամը՝ 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ արձակելու վերաբերյալ:
Նախնական տվյալներով՝ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան,«Օպել» մակնիշի ավտոմեքենայի հետևից ձայնային ազդանշաններով և լուսարձակները թարթելով, ճանապարհ է խնդրել, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը զիջել է ճանապարհը, այնուհետև «Լեքսուս»-ը դուրս է եկել ճանապարհն իրեն զիջած ավտոմեքենայի դիմաց, որի պատճառով երկու ավտոմեքենաներն էլ արգելակել են ճանապարհի աջակողմյան հատվածում, իսկ «Լեքսուս»-ի վարորդն իր մոտ գտնվող ատրճանակով երկու անգամ կրակել է «Օպել»-ի ուղղությամբ՝ վնասելով մեքենայի շարժիչի ծածկը, ապա մեծ արագությամբ հեռացել դեպքի վայրից:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներ արձակած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: