Շուշան Փաշինյանը ՝ Նիկոլ Փաշինյանի դուստրը, պարտվել է դատը։ Նա պարտվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, քաղաքագետ Նարեկ Սամսոնյանին:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը մերժել է Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։
Հիշեցնենք, որ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի հայցադիմում էր ներկայացրել՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկությունը և 2 միլիոն դրամ փոխհատուցել:
Հայցադիմումի պատճառը Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումն էր: Հունվարի 26-ին նա գրել էր, որ վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:
Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ հայցվորին տվյալ դեպքում չի հաջողվել դատարանի առջև հիմնավորել, որ քննարկվող քննադատության թիրախ է հանդիսանում հենց հայցվորը և նյութում տեղ գտած փաստացի տվյալներն արատավորում կամ նսեմացնում են անձնապես հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, այսինքն՝ բացակայում է ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից զրպարտության պահանջներով պարտադիր վավերապայմաններից չորրորդը, այն է․ «որ ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն հայցվորի անձի պատիվը արժանապատվությունը կամ գործարար համբավը», բացակայում է զրպարտության դեպքը և հայցը ենթակա է մերժման։