Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա 9 ադրբեջանցի է պայթել. նրանցից 4-ը մահացել է
Արցախի գրավյալ տարածքներում հունիսին ականի վրա պայթելու երեք դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 9 ադրբեջանցի՝ ութ քաղաքացիական անձ ու մեկ զինծառայող։
Այս մասին գրում է ադրբեջանական Report գործակալությունը՝ վկայակոչելով «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական միավորմանը։
Նշվում է, որ ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 4 քաղաքացիական անձ, 5-ը՝ վիրավորում ստացել։
Հունիսին ականի վրա պայթելու դեպքերը տեղի են ունեցել Քարվաճառի, Աղդամի ու Թովուզի շրջաններում։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո մինչ այսօր Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է Ադրբեջանի 28 քաղաքացի, ավելի քան 120-ը՝ վիրավորում ստացել։