Այսօր առավոտյան «Մանկապարտեզը եւ երեխաները» խմբում նախադպրոցական տարիքի երեխաների ծնողներն ահազանգում էին, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք մանկապարտեզներից ծնողներին զանգում եւ ասում են, որ երեխաներին տուն տանեն, որովհետեւ ջուրը թունավորված է:
Մասնավորապես, մատնանշվում են Երևանի թիվ 153, 149 և 151 մանկապարտեզները:
153 մանկապարտեզի տնօրեն Իննա Սարգսյանը մեր զրույցում հաստատեց, որ ծնողներին կանչել են՝ երեխաներին տուն տանելու համար, որովհետեւ իրենց այդպես հրահանգել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: Այլ մանրամասներ տնօրենը չհաղորդեց: Նմանատիպ պատասխան ստացանք նաեւ նույն վարչական շրջանի 149 մանկապարտեզից:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը նշեց, որ առողջապահության նախարարության եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները տեղում աշխատում են՝ հասկանալու համար ջրից թունավորման ահազանգը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՝ ոչ: «Ցանկացած պատասխանի դեպքում նախարարությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,-ասաց Խաչատրյանը:
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանն էլ նշեց՝ աշխատակիցները հիմա տեղում աշխատում են. հավելյալ մանրամասների համար խոսնակը խնդրեց զանգահարել երկու ժամից: