Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը «Izvestia»-ին տված իր հարցազրույցում խոսել է նաև հայ գերիների մասին։

 

 

 

«Գերիների վերադարձի հարցում առաջընթաց է գրանցվել, նրանք վերադառնում են իրենց տները: Միևնույն ժամանակ, դեռ կան տարակարծություններ ձերբակալվածներից մի քանիսի վերաբերյալ՝ արդյո՞ք նրանք ռազմագերիներ են համարվում, ի՞նչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են վերադառնալ: Մենք շարունակում ենք անդրադառնալ այս խնդիրներին»:

 

Նա նշել է, որ Կարմիր խաչն ուղղակի մուտք ունի ձերբակալվածների մոտ:

 

 
 

«Ադրբեջանի կառավարությունը մեզ տեղեկացրեց, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են եղել (կալանավորվածների) կարգավիճակի վերաբերյալ: Բաքուն և Երևանը պետք է այս խնդիրը լուծեն իրենց մեջ: Մենք կարող ենք կիսել մեր փորձը, կարող ենք ինչ-որ բան խորհուրդ տալ, բայց համապատասխան կառավարությունները պետք է իրենք որոշեն և վերջնական գնահատեն կարգավիճակը: Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ: Եվ հուսով եմ, որ ապագայում հնարավոր կլինի խնդրի լուծում գտնել բոլոր կալանավորվածների մասով, որոնք գտնվում են Հայաստանում և Ադրբեջանում»,- նշել է Մաուրերը՝ պատասխանելով որպես դիվերսանտ ռազմագերիների կարգավիճակի մասին հարցին:

 

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում՝ ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

«Մենք ուղիղ հասանելիություն ունենք, այցելում ենք՝ գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ-ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ՝ մեր դիտարկումներն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող»,- նշել է նա։