Գրող, հրապարակախոս ՝ Ռուզաննա Ասատրյանը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և բաց նամակ ուղարկել Ադրբեդջանի փոխնախագահին։
 
 
ԲԱՑ ՆԱՄԱԿ՝
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՏԻԿԻՆ ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՅԻՆ
Հարգարժան տիկին Ալիևա
Գերիները բաց վերքեր են բոլոր ազգերի մայրերի համար :
 
1992թ. մեր հանրապետության թերթերը գրեցին Սիլվա անունով մի տիկնոջ մասին, որը այցելության էր գնացել Հայաստանում կալանավորված ադրբեջանցի տղային, ասելով, որ ինքն էլ որդի ունի արցախյան պատերազմում, ադրբեջանուհին էլ վտանգի պահին գուցե իր որդուն տիրություն կանի: Սիլվան միակը չէր, մեր հանրապետությունը գերի ընկածներին բոլոր ժամանակներում մեծագույն ուշադրությամբ է վերաբերվել՝ բուժել վերքերը, առանց կտտանքների ու նվաստացման անվնաս պահել մինչև նրանց վերադարձը:
Հարգելի տիկին, այս աշխարհում ամենամեծ արժեքը մարդն է, ամենազգայուն էակը՝ Մայրը, մայրերը ազգություն չունեն դուք էլ եք մայր, որդի ու դուստրեր ունեք և ձեր կենսագրությունը ուսումնասիրելով, նկատեցի թե ինչպես եք դողում նրանց կյանքի համար, որովհետև մայրը մնում է մայր... Խնդրում եմ պատկերացրեք այն հարյուրավոր հայ մայրերի ողբը, որոնց զավակները գտնվում են ադրբեջանական բերդերում՝ գուցե ձեր համար անհավանական թվացող, սակայն գերմանական կոնցլագերների դաժանությամբ տանջանքների ենթարկված ու նվաստացած, որին ականատես եմ եղել վերադարձող գերու հետ իմ մտերմիկ զրույցի արդյունքում: Նա երկար պետք է բուժում ստանա, գուցե հոգատար բժիշկերը նրան ֆիզիկապես ոտքի հանեն, սակայն՝ բարոյապես նա երբեք չի վերականգնվի: Հարգարժան տիկին Ալիևա, ես ձեզ եմ դիմում այն հարյուրավոր մայրերի անունից, որոնք վստահել
են ինձ և որոնց զավակները այսօր գերության մեջ են և նրանցից 14-ը դատվում են որպես ,,դիվերսանտներ,,.
Դիմում եմ՝ Ձեզ, որպես մոր, որպես ազդեցիկ կնոջ,որպես պաշտոնյայի, ասելով, որ այդ գերավարվածների մեջ ոչ մեկը դիվերսանտ չէ, նրանք զինվոր են՝ հրաման կատարող, իսկ պատերազմը վարդեր չի բերում, ներողամտություն ցուցաբերեք բազում հայ մայրերի խնդրանքներին, ազատեք հայ գերիներին, մեղմեք նրանց նկատմամբ կիրառվող մեղադրանքները, մեղմեք շարունակվող ատելությունը, որպես մարդկության ոչնչացման դաժան պատժամիջոցի, միջամտեք Ձեր ամուսնուն՝ բաց թողնել բոլոր հայ գերիներին և անցնել խաղաղ բանակցությունների, ափսոսացեք, խնայեք Ձեր ժողովրդի զոհված ու վիրավոր զավակների մայրերին, նրանք էլ աղետալի վիճակում են, ինչպես հայ մայրերը, կանխեք այս արյունարբու վրեժխնդրությունը երկու ազգերի մեջ, որոնք Աստծո, թե Ալլահի կամքով պարտադրված պիտի ապրեն կողք կողքի, որպես հարևաններ:
 
Կանխավ շնորհակալությամբ՝
ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ
,, Մայր Հայաստան,, քաղաքացիական շարժման ղեկավար, գրող, հրապարակախոս, անհետ կորած և գերության մեջ գտնվող հարյուրավոր մայրերի անունից
ՀԳ. Իմ հայրենակիցներին՝ հարգելի և հարգարժան բառերը դիվանագիտության համար են և ավելորդ գրառումների կարիք չունեն, հասկացաք...
Գերիներով մտահոգվածները թող թարգմանեն ադրբեջաներեն և այլ լեզուներով, ուղարկեք միջազգային կազմակերպություններին,տեխնիկան թույլ է տալիս, ֆլեշմոմբ արեք, անմեղ տղաներին դատում են որպես դիվերսանտների, գործ արեք վերջապես...