Խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում, ասված է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:

«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ:

 

Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը:

Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին:

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության, ինչին ձեռնամուխ ենք լինում անմիջապես:

Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում: