Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Մայիս Հովսեփյանի ընտանիքը կանգնած է տունը կորցնելու եզրին: Եթե «Յունիբանկին» չվճարեն 170 հազար ԱՄՆ դոլար, ապա մինչեւ հունիս 16-ը ստիպված են տունն ազատել:
Հովսեփյանների ընտանիքը բնակվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում: Մայիսի մայրը՝ Լուսինե Հովսեփյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ «Յունիբանկից» 3 օր ժամանակ էին տվել: Այդ ժամկետը սպառելուց հետո ոստիկանությունն է այցելել իրենց եւ վերջնական եւս 20 օր ժամանակ տվել: Ըստ այդմ, այս ամսի 16-ը տունն ազատելու վերջնաժամկետն է:
«Մենք շորի մի քանի խանութներ ունեինք, հերթով փակեցինք, որովհետեւ առեւտուր չկար: Մեկն էինք թողել, հետո դա էլ փակեցինք: Բանգլադեշում տարածք էինք վարձակալել: Էնտեղ էինք վաճառում, որ գոնե էդ շորերը չմնար մեզ վրա: Երկու շաբաթ էր, ինչ մաքրել էինք ու աշխատել սկսել: Բայց որդուս «Վերջին զանգի» վիպուսկնոյի հաջորդ օրը գնացինք, տեսանք՝ ամբողջ խանութը թալանել տարել են: Դրանից հետո էլ ամեն ինչ սկսվեց, գնալով սնանկացանք, զրոյացավ մեր ամեն ինչը»,- պատմեց Լուսինեն:
Լուսինե Հովսեփյանը, սակայն, սխալ է համարում բանկին մեղադրել՝ շեշտելով՝ մեղքն իրենցն է: Գրեթե 6 տարի է՝ ոչ մի լումա չեն վճարել, կուտակվել է, տույժ-տուգանքներ ավելացել ու դարձել հսկայական գումար: «Բանկից մեզ ասացին՝ ընդհանուր գումարի 30 տոկոսը վճարեք: Հետո գումարի չափ պիտի առաջարկեին որոշակի ժամկետով, բայց ի վիճակի չէինք: Այդ 30 տոկոսը 60 հազար դոլարի չափով գումար է անում, չէինք կարող»,- ասաց նա: Լուսինեի ամուսինն արտագնա աշխատանքի է մեկնել, որ ընտանիքին պահի: Տանը ինքը, դուստրն ու սկեսուրն են այժմ:
Իսկ առանձնատունը, որը կորցնելու առաջ են կանգնել, ընտանիքը սեփական ուժերով ու ջանքերով է հիմքից կառուցել. «2007 թվականին ենք սարքել, 3 հարկանի, կապիտալ վերանորոգված լավ տուն է»:
Լուսինեն հայտնեց, որ իրավաբանական աջակցության են դիմել: Իրավաբանական միջամտություն է իրականացվել, բանկին տեղյակ պահվել, որ դրամահավաք է կազմակերպվում: «Ասել ենք, որ հենց հավաքվի, կտանենք կվճարենք, բայց, մեկ է, վերջնաժամկետ կա դրված»,- ասաց նա:
Հովսեփյանների միակ որդին՝ Մայիսը, բանակ զորակոչվելուց առաջ կարմիր վկայականով ավարտել է դպրոցը, 3 տարի անվճար սովորել եւ ավարտել է Ագրարային համալսարանին կից քոլեջի մենեջմենթի բաժինը, ապա ընդունվել նույն Ագրարային համալսարանի երկրորդ կուրս: Սակայն ուսումը կիսատ է թողել, դեկտեմբերի 25 ին՝ զորակոչվել բանակ: Ծառայել է Ջաբրայիլում: 9 ամսվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է:
«Որդուս նշանակել էին նռնակաձիգ: Ծառայության ու կյանքի վերջում եղել է Ֆիզուլիում: Էնտեղ իրենք դիրք են պահել, չեն նահանջել ոչ մի քայլ: Թշնամին սնայպերով առաջինը հրամանատարին է խփել, հետո՝ որդուս: Իրենց նահանջ հրաման է տրված եղել, հելել-կանգնել է, սնայպերով խփել են»,- պատմեց մայրը:
Մայիս Հովսեփյանը զոհվել է հոկտեմբերի 21-ին, հունվարի 2-ին նոր գտել են, իր զենքով իր շորերով ու զինվորական պարագաների հետ միասին: «Որդուցս հիշատակ մնաց զինգրքույկը, որը ամիսներ շարունակ գրպանում է եղել, հանել, չորացրել պահել ենք: Մեկ էլ՝ վզի փայտից խաչը»,- ասաց մայրը:
Լուսինե Հովսեփյանի խոսքով՝ որդուն երկու անգամ ԴՆԹ անալիզ են արել՝ մինչեւ նույնականացում է տեղի ունեցել: Երկու ամիս, ըստ նրա, տղան ջրերի մեջ է եղել այն տարածքում, որտեղից որ իրեն գտել են գրեթե քայքայված: Չնայած բազմաթիվ ապացուցող հանգամանքներին՝ ԴՆԹ են արել՝ համոզվելու համար, որ գտնվածը նրա մարմինն է: «Փետրվարի 4-ին վերջնական իմացել ենք, ամսի 6-ին՝ հուղարկավորել»:
Հովսեփյանների հույսն այսօր սրտացավ մարդիկ են, որոնք գումար կփոխանցեն բացված հաշվեհամարներին եւ կօգնեն, որ իրենց տնից էլ չզրկվեն: «Արդեն 4 հազար դոլար հավաքվել է: Ինձ թվում է՝ կհավաքվի, բարեգործական հիմնադրամներ կան, ամեն մի ծանոթ, ամեն մի ծնող փորձում է հնարավորինս օգտակար լինել մեզ»,- ասաց հերոսի մայրը:
Հովսեփյանների հաշվեհամարներն են.
Ameria Bank
AMD (դրամ) 1570073226030100
RUB (ռուբ) 1570073226030158
USD (դոլար) 1570073226030101
EUR (եվրո) 1570073226030146
LIDA HOVSEPYAN