ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ուղերձը

 



Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

 

Քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական Ժամանակ» օրաթերթի նախկին խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին
ԱԺ պատգամավոր, 2017-18 թվականներին ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետ, վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, թե դու սխավել ես՝ մտածելով, որ կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կա՛մ պիտի հպատակ լինես քո հայրենիքում, կա՛մ կորցնես հայրենիքդ:

Իսկ ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունն ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, և արդյունքում պարզվեց, որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքն արդեն նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որին փորձում էինք կառավարել՝ առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի: Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում՝ ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, անտանելի ցավերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով:

Ու հիմա դու ընտրության առաջ ես՝ ենթարկվե՞լ ժամանակին, թե՞ քեզ ենթարկել ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որ քեզ ենթակա չէր երեկ, մեր այսօրվա կորուստների առանցքային պատճառն է: Այսօրվա մեր դառնությունը կուտակվել է երեկ:

 

Հիշո՞ւմ ես քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ «էս երկրում ապագա չկա»: Ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետն ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այսօրը ապագա էր երեկ: Իսկ վաղն ապագա է այսօր, ու այն պիտի գա, եթե դու որոշես, որ այն կա՛, որովհետև ցավից չպիտի կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունդ:

Բարև՛, Հայաստանի Հանրապետության քաղաքացի:
Քեզ գրում եմ՝ ասելու, որ Ապագա կա: Կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր: