Հիշենք նրանց!!!
Երկու օր առաջ ամուսինս աշխատանքից տուն եկավ լարված ու նեղսրտած: Սկսեցի հարցուփորձ անել, ի պատասխան պնդումներիս, հեռախոսը բացեց ու մի նկար ցույց տվեց: Իր զինվորներից մեկի (այդպես է անվանում իր կողմից վիրահատված հարյուրավոր տղաներին) հերթական վիրահատությունից էր գալիս: 
Վիրավոր զինվորներից մեկի դեմքն էր: Ասաց նայի, սա է պատերազմի դեմքը: Սարսռացի: Տղան արդեն վեց վիրահատություն էր տարել, բայց դեռ նվազագույնը տասն էլ կտանի, որ փորձի հետ վերադարձնել պատերազմից առաջ եղածը` կյանքի դեմքը: Դրա հետ էլ երևի կյանքի գույնը ու իմաստը:
Ասում էր, որ մարդիկ սովորել են զինվոր տեսնելուն, ...... Ու հանկարծ ես ինձ բռնեցի մի սարսափելի մտքի վրա: Մենք ուզում ենք մոռանալ պատերազմը, այդ դաժան արհավիրքը, բայց արդյունքում մոռանում ենք կորսված հայրենիքը, դրա համար ընկածներին ու վիրավորներին: Զոհվածների մասին աննշան ավելի ենք խոսում, բայց կողքով ենք անցնում ծանրագույն վիրավորումներ ստացածների, խեղումներ ունեցողների, որոնք պատերազմի կենդանի վկաներն են, դեմքը ու հիշողությունը: Նրանք իրենց կողքիններին, իրենց հարազատներին, ընկերներին հիշեցնում են` ինչի միջով են անցել: Եթե պետությունը չի կատարում հոգ տանելու իր գործառույթը, իսկ հասարակությունն էլ մոռանում է այս մարդկանց մասին, ապա նրանք մենակ են մնում իրենց ցավի ու հիշողության հետ:
Կարծում եմ` հիշելը ֆեյսբուքում տխուր սմայիկ դնելը չի, անգամ նիկոլին հայհոյելը կամ քննադատելը չի, դա իրենք մեզնից ավելի լավ կանեն,
հիշելը իրենց զոհողությունը գնահատելն է, հիշելը իրենց սխրանքի մասին իրենց հիշեցնելն է,
հիշելը իրենց զուտ վիճակագրական թիվ չհամարելն է,
հիշելը իրենց մեզնից առավել համարելն է` համալսարանում, խանութում, փողոցում, հիվանդանոցում,
հիշելը նրանց մեծարելն է:
Ամեն օր պետք է ցույց տալ, որ հիշում ենք:
Դրանով մենք` ես ու դու, չենք օգնի իշխանությանը բանակը կազմաքանդելու հարցում: Այլապես ոչ ոք չի ուզի ծառայել բանակում, որտեղ կյանքը կամ առողջությունը հայրենիքին նվիրած մարդկանց մասին ուղղակի մոռանում են: Ու ակամա մենք դառնում ենք հանցակից` բանակի բարոյալքման, բանակի կազմալուծման, հայրենիքի պաշտպանության ցանկության բացակայության: Հասարակության բարոյալքման: 
Հանցակից` այդ արարքները կատարողին:
Հանցակից չդառնալու համար, ամեն օր պետք է հիշել` ձևը դուք գտեք: Մի խղճացեք իրենց, հիշեք, մեծարեք, սիրեք, շնորհակալ եղեք: Այլապես հոգու սնանկության համար մենք ավելի արժանի կլինենք խղճահարության:
Հ.Գ. Իմ ուսանողներից մեկը չգիտի, որ ես լուռ ու մեծարանքով եմ նայում իրեն, երբ ինքը գալիս է իմ դասախոսությունը լսելու, նա հանուն հայրենիքի չափազանց լուրջ վնասվածք է ստացել: Ինքը կիմանա: Ես կասեմ, որ շնորհակալ եմ: Բոլորիս անունից: Նայեք ձեր շուրջը, նրանք հազարներ են, առաքելություն ստանձնեք: Շնորհակալ լինելու առաքելություն: Հնարավորինս օգնելու առաքելություն: Պետությունը շատ բան չի հասցնում, առավել ևս այն պետությունը, որին իր ղեկին կանգնած իշխանությունը դարձրել է լոկ անպաշտպան մի տարածք:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արփինե Հովհաննիսյանը։