GG տաքսի էի պատվիրել, մոտեցավ ծանոթ կապույտ opel-ը։ Այդ մեքենան մինչև պատերազմը շատ էի նստել և արդեն հասցրել էինք մտերմանալ վարորդի հետ, ժպտերես մարդ էր, ասող- խոսող։ Սակայն այսօր տխուր էր երևում։ Պատերազմից հետո նրան չէի հանդիպել։ Բարևեցի: Անտրամադիր ձայնով ասաց.
 
-Ոնց ե՞ն գործերդ։ Տեսա, որ ցուցահանդես ես կազմակերպել Երևանում։
-Նորմալ, շնորհակալ եմ։ Պլանավորում ենք նաև Ստեփանակերտում ցուցադրել ֆոտոները։
Ծանր լռությունից հետո ասաց .
-Տղաս էլ է զոհվել, բայց մարմինը չկա...
Այդ պահին ահավոր ցավ զգացի, նրա աչքերի ու ձայնի պես խորը ցավ։ Չգիտեի, ինչ ասել, ինչով սփոփել նրա վիշտը։ Միակ բանը, որ կարող էի այդ պահին անել, ցավակցելն էր։
-Իսկ միգուցե գերության մեջ է՞։
-Չէ, ընկերները պատմեցին, որ տեսան, թե ինչպես է զոհվել։ Մարմինը տեղափոխեցին Մատաղիս, բայց չհասցրեցին այնտեղից հանել։ Հաջորդ օրն էլ թուրքերը մտան։
 
-Իսկ որոնողական աշխատանքները...
Հարցս կիսատ մնաց։
-Ոչ, չգտան։ 19 տարեկան էր...
Ու նորից դաժան լռություն։ Հասանք նշված վայր, վճարեցի գումարը և դուրս եկա։ Ուզում էի գրկել նրան, ասել, որ կարող եմ օգտակար լինել ինչով կկարողանամ։ Հասկացա, նա շատ ուժեղ է, իսկ ե՞ս...
Հ.գ Դուք ասեք, որ կյանքը շարունակվում է, իսկ ես կասեմ, որ պատերազմն է շարունակվում ու չգիտեմ՝ կավարտվի՞ մի օր։ Պարզապես, փորձում ենք ապրել...
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Դավիթ Ղարամանյանը։