Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը իր ֆեհսբուքյան էջում գրառում է կատարել։
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Աժ-ից տաքսիով իջնում էի տուն: Ճանապարհին տաքսիստը պատմում էր, որ ինքը 5 տարի առաջ, մինչ տաքսի վարելն ուներ խանութ, և այդ խանութի եկամուտով իր ընտանիքը շատ լավ ապրում էր: Բայց մի օր եկան հարկայինները, ակտ գրեցին, հետո էլ առաջարկեցին խանութը վաճառել, որովհետև մի քիչ այն կողմում գտնվող խանութի տերը հարկայինի պետն էր և իմաստ չուներ դիմադրելը: Մի խոսքով խեղճ մարդու ձեռքից կոպեկներով խանութը խլել էին: Հիմա էս մարդը մրմռում էր, տնքում էր ու խոնավ աչքերով նայում էր աչքերիս իսկ ես անզորությունից մտքիս մեջ գոռում էի...
 
Տարիներ առաջ տղաս պատմեց, որ սրճարանում ականատես է եղել, թե ինչպես իրենց կողքի սեղանին նստած տղան ու աղջիկը համբուրվում էին, երբ մի 10 հոգի, հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի տղայի գլխավորությամբ, մտան սրճարան, հրեցին տղային և աղջկան քարշ տալով տարան իրենց հետ...տղաս իրեն չէր ներում, որ չի կարողացել միջամտել...
Լուռ նայեցի տղայիս աչքերին ու անզորությունից մտքիս մեջ գոռացի...
Մի քանի տարի առաջ նոտարի մոտ հերթում սպասում էի, երբ մի կին երեխան գրկին մոտեցավ ինձ և խնդրեց, որ հերթս զիջեմ իրեն...բնականաբար զիջեցի, բայց դեռ չէր հասցրել նոտարի մոտ մտնել՝ մի 5 հոգի հաղթանդամ տղամարդիկ հայտնի պատգամավորի գլխավորությամբ հրեցին կնոջը և արտահերթ մտան նոտարի մոտ....փորձեցի միջամտել,բայց թիկնապահները փակեցին դեմս և բութ հայացքով նայում էին վրաս...խեղճ կինը աղերսագին նայում էր աչքերիս մեջ, իսկ ես անզորությունից գոռում էի մտքիս մեջ....
 
1000-ավոր նման դեպքեր տարիներ շարունակ խեղել են բոլոր գիտակից մարդկանց հոգիները...փշրել են նրանց երազանքները...ավերել են տուն, հայրենիք, սրբություն....
Միլիոնավոր արտագաղթած մեր եղբայրներին, քույրերին, զավակներին զրկել եք ամենաթանկից՝ հայրենիքից...պանդուխտի ցուպը ձեռքերին, կսկիծն ու մորմոքը սրտերում, կարոտը հոգիների մեջ թափառում են երկրե- երկիր....այդպես էլ չգտնելով իրենց ինքնությունը...
Ու հիմա զարմանում են՝ թե ինչու ժողովուրդը դուրս չի գալիս փողոց...ժողովրդի ողնաշարը դուք եք ջարդել, իշխանությունը կապ չունի....իշխանությունը մեղավոր է, որ չի կարողանում պատժել ժողովրդի ողնաշարը ջարդողներին...
Այ դրա համար էլ տեղի են ունենում արտահերթ ընտրություններ...