Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896թ.-ի ապրիլի 2-ին Արևմտյան Կարնո (Էրզրում) նահանգի Դարանաղյաց գավառի Բագառիճ գյուղում: 1896թ.-ին նրա հայրը՝ Խաչատուրը, աշխատանք փնտրելու նպատակով մեկնում է Սերբիա՝ Բելգրադ, երկար տարիներ զբաղվում է առևտրական գործունեությամբ:

1905թ.-ից Խաչատուրի ընտանիքը տեղափոխվում է Երզնկա, որտեղ էլ Սողոմոնը ձեռք է բերում կրթություն, ուսանելով տեղի Հայ Ավետարանական, Երզնկյան, ապա Կեդրոնական վարժարանում մինչև 1912թ.-ը:

Սողոմոնը մտադիր էր գնալ Գերմանիա՝ ուսումը շարունակելու նպատակով: Սակայն վրա հասած Առաջին աշխարհամարտը խառնում է պատանի Թեհլերյանի բոլոր ծրագրերը: Սերբիայից նա անցնում է Ռումինիա, այնտեղից էլ՝ Դոնի-Ռոստով եւ 1915թ.-ի փետրվարին հանգրվանում Թիֆլիսում:

1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։

Երկար փնտրտուքներից հետո վերջապես  1921թ.-ի մարտի 15-ի կեսօրին, Բեռլինի Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան առջև, ատրճանակի կրակոցով տապալում է մեծ ոճրագործին՝ Թալեաթին: Ատրճանակը հանելն ու Թալիաթի ծոծրակին կրակելը միայն մի ակնթարթ է տևում, որից հետո ատրճանակը դեն է նետում ու փորձում հեռանալ, բայց ձերբակալվում է:

Սփյուռքի հայկական համայնքներում արտակարգ ցնծություն էր տիրում:

 

Լրագրերը դեպքին ընդարձակ էջեր էին նվիրում՝ այն գնահատելով իբրև հայ ժողովրդի արդար վրեժի հատուցում: Պատրաստվելով Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հայ համայնքը հրավիրել էր Բեռլինի նշանավոր փաստաբաններին՝ դոկտոր Գորդոնին, դոկտոր Վերթաուէրին, դոկտոր Նիմայերին:

Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունը վերածվեց երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը սկիզբ դրեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Հենց սա է Սողոմոն Թեհլերյանի «արդարության գործի» պատմական առաքելությունը: