Ոստիկան Հայկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս, ինձ հետ տեղի ունենած իրադարձությունները լուսաբանելու արդյունքում, շատերը հայտնեցին իրենց դրական կարծիքն ու աջակցությունը իմ հանդեպ, ոմանք էլ ինձ փորձեցին կապել նախկին իշխանությունների հետ, և հատուկ այդ մարդկանց համար հիմա կբերեմ իրական օրինակներ, կկատարեմ համեմատական վերլուծություն՝ ոստիկանությունը նախկին և ներկա իշխանությունների օրոք, և եզրակացությունները կթողնեմ ձեզ:
Ոստիկանությունը միշտ պահպանել և պաշտպանել է ՀՀ օրենքն ու քաղաքացուն, այլ է, որ նրանց կազմում, թե' նախկինում, թե' ներկայում, եղել են ու կան սրիկաներ, ովքեր նախկինում ծածկել էին իրենց դեմքը դիմակով, և որոշները ցուցադրեցին իրենց իրական դեմքը նոր իշխանությունների օրոք։
*Սակայն նախկին իշխանության օրոք երբեք չի եղել հրաման՝ որևէ քաղաքացու <ծեծելու>, մինչդեռ որոշ ոստիկաններ սեփական դաժանությունը բարդել են նախկին իշխանության վրա,որոշները, լինելով հրամանատար, տվել են նման հրաման՝ իրենք իրենցից հորինելով, ոմանք կատարել են այն, ոմանք էլ՝ անտեսել (սխալ կադրային քաղաքականության արդյունք):
*Բայց ներկա իշխանության օրոք՝Արման Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունում, բառացի եղել է այսպիսի հրաման` «Պառկացրեք գետնին, նստեք մեջքին և նոր ձեռնաշղթան գցեք,որ բոլորը տեսնեն» և կրկին, ոմանք կատարել են, ոմանք՝ ոչ։ Հիմա գնահատեք ինքներդ, ո՞րն է ավելի ժողովրդավար կառավարություն:
*Կան դեպքեր, որ նույնն են թե' նախկինում, թե' հիմա, դա Անշնորհակալությունն է. առանց չափազանցնելու ՝ եղել է ծառայություն,որի ընթացքում անձամբ Ես 4 կորած երեխա եմ գտել, չեմ ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նրանց ես չգտնեի, չեմ փորձել պարծենալ դրանով, անգամ չեմ խոսել դրա մասին։ Ոչ ոք չի ասել շնորհակալություն և ոչ ոք չի պարգևատրել ինձ դրա համար։
*Մյուս կարևոր պարբերությունը «աշխատավարձի բարձրացումն» է, որը կեղծիք է, ընդամենը տարեկան 4 անգամ տրվող պարգևատրումը գումարել են իրար և բաժանել 12 ամսվա, ինչն էլ կազմել է «ավելացված աշխատավարձը», որի պատճառով ոստիկանները պարգևատրում այլևս չեն ստանում,միայն ստանում են որոշակի գումար՝ ամսվա վերջում, ըստ զբաղեցրած պաշտոնի և կոչման. ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պարգևավճար են ստանում։Արձակուրդ մեկնելիս կամ բուժում ստանալիս դա էլ չեն ստանում։
*Թույլ կամային հատկություններով ծառայողներին (հիմնականում իգական սեռի) օգտագործել որպես ինֆորմացիայի աղբյուր՝ ի դեմ համածառայակիցների, որը մասամբ եղել է նաև նախկին իշխանությունների օրոք, բայց ոչ այս աստիճան: Այս երևույթը հիմնականում իրականացվում է պետին կեղծ հայհոյելով, որի ընթացքում «ստուգվում է » համածառայակցի ռեակցիան և դրա մասին տեղեկացվում պետին:
*Եվ ամենակարևոր կետը՝ «ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ» համակարգի ներսում: Այն է՝ ծառայության ընթացքում` միայն սահմանված ժամերին և թույլտվությամբ,սնվելու և սեփական կարիքների համար հնարավորության, ծառայության ընթացքում հանգստանալու իրավունքի բացակայություն (նստելն արգելվում է,ինչ-որ անձի քմահաճույքով,նստելու դեպքում՝ գրել բացատրագիր),որը, միանշանակ, չի եղել նախկինների օրոք: Հիմա դուք ինքներդ տվեք արդարացի գնահատական:
Պարզաբանումը գրված է իմ ձեռքով, իմ բառերով, իրականություն է, ինչի համար ստորագրում եմ: