նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել։
Դուք հրեշ եք, պարոնայք
Անմարդկային հանցագործություն է տեղի ունեցել։ Այսօր, լուսադեմին, Ամուլսարի երկրորդ «պոստից» տարածք են ներխուժել զինված անձինք, ովքեր ներկայացել են տարածքի նոր պահնորդային ընկերության աշխատակիցներ:
 
Եվ ահա, Ամուլսարի այս «պահնորդները» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին:
Նրանք այս նկարում պատկերված ձագուկներն են, որոնք ծնվել էին մի քանի ամիս առաջ:
Ինձ զարհուրեցրեց այս ձագուկներին մեքենայի անիվների տակ դաժանաբար ջնջխած անձանց անտարբեր բացատրությունը, թե` միտումնավոր չենք արել, պատահաբար է ստացվել: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և որպես կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագծի հեղինակ, դիմում եմ Ոստիկանությանը` կան բոլոր ապացուցող տեսանյութերը, որ ձագուկներին գցել են մեքենայի տակ և սպանել, ինչը չեն հերքում այդ սպանդի հեղինակները:
 Անհապաղ պետք է հարուցվի քրեական գործ և ավտոռալլիի սիրահար շումախեր-պահնորդները պիտի Քրեական օրենսգրքի նշյալ հոդվածի ողջ խստությամբ դատապարտվեն:
Ինչ վերաբերում է Ամուլսարի պաշտպանական դիրքերը «ճեղքելու» նոր օպերացիային, ապա ես, որպես տվյալ տարածաշրջանի պատգամավոր և որպես Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացի, անձամբ կլինեմ տեղում և կփորձեմ հասկանալ, թե ի՞նչ նոր ավանտյուրա են փորձում իրականացնել Ամուլսարի տերերը:
Ասեմ նաև, որ այս պահին իմ գործընկեր, «Friends of Lucky» կազմակերպության համանախագահ Արտյոմ Վարդանյանը ողջ մնացած ձագուկներին տեղափոխում է Երևան և նրանք, ովքեր կցանկանան որդեգրել ձագուկներին, կարող են դիմել «Friends of Lucky» կազմակերպությանը: